Ցավոտ է լինելու
Հեղինակ՝ Ադամ Քեյ
Թարգմանիչ՝ Լյուսիլ Ջանինյան
Խմբագիր՝ Սևակ Ղազարյան
Բժշկական խմբագիր՝ Սեդա Ադիբեկյան
Հրատարակիչ՝ Մագաղաթ հրատարակչություն
Սա երիտասարդ բժշկի օրագրային հուշագրություն է՝ լի սարկազմով, հումորով և սարսափեցնող անկեղծությամբ։ Ադամ Քեյը, ով օրագրային գրառումներ էր կատարում անքուն գիշերների և անհույս ու անվերջանալի թվացող երկար օրերի ընթացքում, բացում է հիվանդանոցային կյանքի փակ դռները՝ ցույց տալով ոչ միայն բժշկության հերոսական կողմը, այլև հոգնածությունը, սխալներն ու վախերը: Բուժառուների պատմությունների, անհավանական իրավիճակների և անձնական ապրումների միջոցով գիրքը ներկայացնում է, թե ինչ արժե իրականում “բժիշկ” կոչումը կրելը և ինչ գին ունի ուրիշների կյանքերի համար պատասխանատվություն ստանձնելը։
Զվարճալի, սարսափեցնող և հուզիչ՝ այս գիրքը պատմում է այն ամենը, ինչը երբևէ ուզել եք իմանալ հիվանդանոցային կյանքի մասին, ինչպես նաև այն, ինչը, գուցե, նախընտրեիք չիմանալ։ Եվ այո, հնարավոր է՝ անջնջելի հետք թողնի ու, անկասկած, ցավոտ կլինի:
Մեռնող կենդանին
Հեղինակ՝ Ֆիլիպ Ռոթ
Թարգմանիչ՝ Լյուսիլ Ջանինյան
Խմբագիր՝ Զավեն Բոյաջան
Հրատարակիչ՝ Անտարես հրատարակչություն
«Հոգուն հանգիստ չտվող գլուխգործոց”—The New York Review of Books
Պրոֆեսորի և նրա ուսանողուհու սիրավեպի շուրջ հյուսված այս պատումը շոշափում է Ֆիլիպ Ռոթ գրողի համար հույժ կարևոր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կյանքն ու մահը, անհատի ազատությունն ու մարդկանց կաղապարված մտածողությունը, սերն ու սեքսը: 2001-ին լույս տեսած վեպը լիովին հաստատում է Միլան Կունդերայի այն բնութագիրը, թե “Ռոթը ժամանակակից էրոտիկայի մեծ պատմագիրն է”:
Ինչու էր Բեթհովենը բարկանում
Հեղինակ՝ Սթիվեն Իսերլիս
Թարգմանիչ՝ Լյուսիլ Ջանինյան
Խմբագիր՝ Նարինե Ղուկասյան
Հրատարակիչ՝ Զանգակ Հրատարակչություն
Անվանի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի պատումներում ընդգրկված են իր սիրելի վեց կոմպոզիտորները` հանճարեղ Բախը, Մոցարտը՝ իր սրընթաց, թավշյա մեղեդիներով, Բրամսը՝ իր փոթորկոտ երաժշտությամբ, “խենթ” Շումանը, արտասովոր Ստրավինսկին և, իհարկե, “խրոխտ”, բայց նուրբ ներաշխարհով Բեթհովենը: Գրքում կոմպոզիտորները կենդանություն են առնում, “զրուցում” փոքրիկների հետ, որի արդյունքում երեխաների մեջ ցանկություն է առաջանում լսելու նրանց հանճարեղ ստեղծագործությունները` տրվելով դասական երաժշտության մոգականությանը։





